Նամականի. Վահան Տերյան

Վահան Տերյան «Նամակ Մարթա Միսկարյանին»

kp_bumaga«…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի մասին, չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին, վաղուց ծանոթ, մի ժամանակ մոտիկ եւ անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ եւ տարորեն-հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է, առհավետ հեռու մեկից: Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբեւէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել՝ «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը եւ մոտիկից նայելը: Երբեմն՝ այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես եւ դուք, եւ համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են եւ սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի՜: … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրեւ ու անձրեւ:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ՝, մեռածներիս՝ «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս՝ հավատով ու տիրական` «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»:
Անձրեւ է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես, ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն, մահացու հոգնածություն: Ինձ թվում է, թե ես մեռնում եմ: Ուզում եմ, որ երբ կմեռնեմ, եւ շուրջս մահվան լռությունը կտիրի, գերեզմանիս վրա հանկարծ, բայց աննկատելի, երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի անիրականալիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ, պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության եւ մեղմ ուրախության մեղեդի:
Ախ, նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն, հավերժորե՜ն:
Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»

Անթառամ Միսկարյան
1908. 17. 09
Անթառամ. «Դուք ինձ վրա լավ տպավորություն եք գործել: Երևի սխալ եմ անում անկեղծանալով»:

Տերյան. «Տարօրինակ է. մի՞թե մարդու ամենաթանկ սեփականությունը անկեղծությունը չէ: Կարծում եմ՝ մարդու անկեղծությունը կարող է բավարար հիմք լինել նրան սիրելու և գնահատելու համար: Երեկ ես քնեցի տրտմության և դժգոհության զգացումով: Արթնացա՝ կարդալու համար Ձեր նամակը և զվարթագին դիմավորեցի օրը»:
Անթառամ. «Վահան, ո՞րն է Ձեր վատ տրամադրության պատճառը»:

Տեևյան. «Միշտ դժվար է որոշել տրամադրության պատճառը: Բայց դառնությունները մեծ մասամբ առաջանում են այն անհամապատասխանությունից, որ գոյություն ունի իմ հակումների և իմ կյանքի հանգամանքների միջև»:
1909. 7. 03

Տերյան. «Ես գրեթե համոզված եմ, որ կսիրեմ Ձեզ այս բառի լավագույն իմաստով, ես հիմա սովորել եմ շատ բարձր գնահատել մարդկային սերը, սերը մարդու նկատմամբ, այլ ոչ թե սեռի, նույնիսկ պատրաստ եմ ավելի բարձր դասել սեռական սիրուց, որը հազվադեպ է գեղեցիկ ու խորունկ լինում»:

Այս նամակից ընդամենը երկու ամիս անց՝ մայիսի 12-ի նամակում, կհայտնվի մի նոր հետադարձ հասցե՝ Մոսկվա, Տրյոխպրուդնի նրբանցք, բն. 19՝ Սուսաննա Պախալովային:

Սուսաննա Պախալովա. այս կինը դարձավ Տերյանի ճակատագիրը: Այս կինը փոխեց Տերյանի կյանքը կտրուկ և անդառնալիորեն: Եվ ոչ միայն Տերյանի: Անգամ պոետի մահից հետո Սուսաննա Պախալովայի ներկայությունը թոքախտի տեսքով մնաց Վահանի ընտանիքի պատմության մեջ: Սուսաննան հրաշալի էր տիրապետում կանացի հնարքներին և Անթառամի հակապատկերն էր: Այնպիսի հմտությամբ սողոսկեց Տերյանի ու Անթառամի հարաբերությունների մեջ, որ մարդկային սերը սեռային սիրուց գերադասող տղամարդն անգամ դա չնկատեց: Սուսաննան Ստավրոպոլի հայերից էր և ամեն ինչ արեց Վահանի հետ ամուսնանալու համար: Անգամ ստեց, թե երեխայի է սպասում: Եվ Տերյանը չկարողացավ նրան մերժել: Ստիպված եղավ ամուսնանալ: Դա 1911թ. փետրվարն էր: Նրանց առաջին զավակը ծնվեց հինգ տարի անց: Իսկ ամուսնությունից մի քանի օր անց Վահանը Անթառամին գրեց. «Մի բարկացեք, սիրելի Անտենկա, որ երկար ժամանակ Ձեզ չէի գրում: Բանն այն է, որ ես ամուսնացել եմ: Բայց Ձեզ տեսնելու ցանկությունս հիմա պակաս չէ: Հավատացնում եմ, որ շատ կուզենայի ձեզ տեսնել»:

Անթառամ Միսկարյանը գործեց Տերյանի զենքով. «Ես նույնպես ամուսնանում եմ: Արդեն քանի տարի է՝ Վլադիմիր Մորոզովը սիրահետում է ինձ: Ես նրան անվերջ մերժել եմ, իսկ հիմա տալիս եմ համաձայնությունս»:
Այս վճռորոշ նամակներից հետո նրանց հեռակա կապը չընդհատվեց, հակառակը, նամակագրությունը դարձավ ավելի զգացական, սիրային, կրքոտ: Տերյանը հասկացավ, որ Սուսաննան չէր կարող թռիչք տալ իրեն, և որ Անթառամի կարիքը խեղդում էր: Միաժամանակ երկու կին ներկա էին Տերյանի կյանքում: Նրանք չէին խանգարում պոետին, այլ, կարծես, լրացնում էին մեկը մյուսին: Նա ներդաշնակություն էր փնտրում: Իր կողքին ունենալով կին-կիրք՝ Սուսաննային՝ նա հոգեկան խաղաղության կարիք ուներ: Դրա համար էլ չկարողացավ թողնել Անտենկային: Թեկուզ միայն նամակագրությունը նրա կյանքը լցնում էր անասելի հմայքով և ջերմությամբ: Անթառամի հետ ունեցած նամակագրության մասին Սուսաննա Պախալովան տեղյակ էր: Անգամ հաճախ ստիպում էր ամուսնուն բացել փակված ծրարները և ավելացնել իր բարևները Անթառամին: Խորամանկ և խելացի կին: Բայց տիկին Պախալովա-Տերյանը հիվանդացավ, և ինտրիգը շարունակելու համար նրա ուժերն այլևս չէին բավականացնում: Հետո 1916-ին առաջին երեխայի մահը մոռացնել տվեց ամեն բան: 1918-ին Սուսաննան երկրորդ երեխան ունեցավ: Շուտով նա ամուսնուն մենակ թողեց Մոսկվայում և մեկնեց Ստավրոպոլ: 1918-ին Տերյանը ծրագրում է Ստավրոպոլ գնալ, բայց քաղաքական իրադրության պատճառով ծրագիրը խափանվում է: Սուսաննային է առաջարկում Մոսկվա անցնել, բայց Սուսաննան մերժում է: Սուսաննան հոգնել էր, հիվանդ էր: Լյասկայի մահը վերջնականապես տապալել էր նրան: Տերյանը մնաց մենակ, մենակ ու մոլորված: Իր կյանքում ամեն ինչ խառնվել էր իրար՝ թոքախտը, քաղաքականությունը, ուրիշի հետ ամուսնացած Անթառամի կարոտը, փոքրիկների մահը, բանաստեղծությունները, հացի խնդիրը, Սուսաննան… Նա կրկին կհայտնվի, երբ իրենից թոքախտով վարակված Տերյանը մահանա, որպեսզի փորձի օգտվել նրա հռչակի դափնիներից իրեն հատուկ ոճով՝ անտեսելով Տերյանի երկրորդ կնոջ՝ Անահիտ Շահիջանյանի և նրա դստեր՝ Նվարդի գոյությունը:

Վահան Տերյանի նամակը Անթառամ Միսկարյանին

Ձեր նամակն ստացա և կարդալով՝ երկար ժամանակ տրտում էի ինչ-որ տարօրինակ (թեև ինձ տարիներե ի վեր ծանոթ) տրտմությամբ: Դա մի տեսակ մեղմ, համակերպված, հեզ, թերևս նույնիսկ ուրախագին թախիծ է, որը մեր մեջ ծնվում է, երբ անձնատուր ենք լինում հուշերին կամ երբ լսում ենք լավ, տխուր երաժշտություն: Այդ թախծի ժամանակ քեզ ազատ ես զգում և ոչինչ չես սպասում և ոչնչի համար չես ափսոսում: Այնպե՜ս տխուր ու լավ է: Եվ մեկ էլ Ձեր նամակում մի նախադասություն կար. «Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում»:

Ճշմարիտ, դա այնքան ծանոթ միտք է, որ նույնիսկ մի տեսակ տարօրինակ զգացի, որովհետև դա Ձեզնից լսում եմ երկրորդ անգամ, իսկ իմ մեջ այդ բացականչությունը լսել եմ հազար անգամ: Եվ ահա այդ հավերժական շշուկից այն մասին, որ ես մեռած եմ, որ ես մեկի ստվերն եմ, որը մի ժամանկ ապրում էր, մի տեսակ տարօրինակ եմ զգում՝ լավ և տխուր: Այդ պահերին զգում եմ ինչ-որ ազատություն. խանդաղատագին հնազանդություն և «մեղմություն»:

Կարծես թե հարություն եմ առնում, բայց հարություն եմ առնում մի տեսակի կյանքով, ապրում եմ ինչ-որ այլ տեսակի զգացմունքներով՝ սրված ու նուրբ, ես կասեի՝ «երաժշտական» զգացմունքներով: Ահա այդ պահերին զգում եմ, որ հարկավոր է երաժշտություն, և միայն երաժշտությունը կարող է արտահայտել դա: Չէ՞ որ հոգին ինքը երաժշտություն է, միևնույն է, հոգին մեռած է, թե կենդանի: Եվ ինձ թվում է, թե չկա օբյեկտիվ երաժշտություն: Երաժշտությունն իմ հոգին է, որին ինչ-որ հրաշքով լսում եմ: Իսկ եթե երաժշտության մեջ ես չեմ լսում իմ հոգին, նշանակում է, որ դա արդեն երաժշտություն չէ… Երբեմն ինձ համար այնպես ծանր է լինում, որ ինձ չեն հասկանում: Չէ՞ որ իմ հոգին ընդունակ է այնպիսի մաքրության, որի մասին «ողջախոհ խելոքներն ու խելոքուհիները» հասկացողություն իսկ չունեն:

13.08.1912 թվական

Նամակներ՝ տարբեր հասցեներով

…երկու կանայք, իմանալով մեկը մյուսի գոյության մասին, հանդուրժել են իրար, ավելին՝ շարունակել լինել Տերյանի կյանքում…

<Սուսաննա Պախալովան առանց հարժեշտ տալու բաժանվեց ամուսնուց>. այսպիսի նախադասությամբ սկիզբն 100_2103առանձնապես ընթերցանությունը շարունակելու ցանկություն դժվար թե առաջացնի: Բայց միշտ էլ գտնվում է մի բայց. վերջակետը փոխարինվում է բացահայտյալի քթից կախված բութով, և փոխվում է ամեն ինչ. <Սուսաննա Պախալովան առանց հարժեշտ տալու բաժանվեց ամուսնուց Վահան Տերյանից; Ու հարցերը հերթի են կանգնում պատասխան ստանալու:

Տերյանը Մոսկվայում էր: Ուսանում էր: Հիշենք նախ  Լազարյան ճեմարանում (1899-ից) գիշերօթիկի կարգավիճակով, այսինքն հագնում էր <կազյոննի> շորեր ու կոշիկներ, դասի գալիս առանձնապես աչքի չընկնելով բացառիկ ընդունակություններով: Ինչպես ճեմարանական դասընկեր Պ. Մակինցյանն է հիշում, <դա մի սովորական գիշերօթիկ սան էր, օտարներից խուսափող, անծանոթ մարդկանց մոտ քաշվող, հակված մենության մեջ որոճելու կյանքից ու գրքից ստացած տպավորությունները: Սովորական էր նրան տեսնել մենակ ճեմարանի երկար կորիդորներում կամ այգում, որտեղ…նա սուզվում էր իր կյանքի երազի մեջ: Կարելի է ասել, որ դա նյարդային նուրբ կազմի տեր մի տղա էր>, ով, դարձյալ հիշենք, հետագայում (1906-ից) սկսում է մեծ լրջությամբ ու պրպտումով  ռուսաց լեզու և ռուս գրականություն ուսումնասիրել Մոսկվայի կայսերական համալսարանում` արդեն հաստատուն համոզմունքներով, գրականագիտական ձևավորվող ճաշակով ու նոր-նոր ծաղկող թախծաբույր պոեզիայով….Ճեմարան՝ մարդախույս, սուսուփուս, օտարի աչքից քաշվող սանը դարձել էր մարդամոտ, խոսկան, օտարի աչքից չքաշվող  հասարակական-քաղաքական գործիչ, որ ձեռքն ընկած թղթի վրա հանգավորված տողեր էր գծում` ճշմարիտ բանաստեղծի հավատամքով ու տաղանդով, ճանապարհ դնում հին սերերին և ճամփա փռում նորերի համար….նամակներ նոր հասցեներով, տաք սիրով ու նորելուկ խոստովանություններով, զմռսված տպավորություններով, տղամարդկային թրթռացող կարոտով….<Սիրելի~ս, երբ եք գալու Մոսկվա: Շուտ եկեք, ես Ձեզ անհամբեր սպասում եմ: Հենց գաք, մենք նույն օրը կհանդիպենք: Ինձ թվում է արդեն 100 տարի ձեզ չեմ տեսել: Համբուրում եմ…>, <Սիրելի, սիրելի, Անտենկա, ես ձեզ այնպես եմ սիրում….> այս տողերը 1912 թվականի միևնույն հասցեին ուղղարկված (իսկ այս հասցեն արդեն վաղուց էր <զբաղված> Վահան Տերյանից ստացվող ծրարներով) նամակներից են: 1912 թվական: Իսկ սա նշանակում է, որ Տերյանն արդեն ամուսնացած էր՝ մեկ տարի և բնավ էլ ոչ նամակների հասցեատեր Անտենկայի հետ: Ուրեմն… Այո, միաժամանակ երկու կին՝  Անթառամ Միսկարյան՝  նույնն ինքը Անտենկա (Տերյանն այդպես էր սիրում անվանել նրան) և Սուսաննա Պախալովա՝ Տերյանի  օրինական կինը:  Եվ ինչպե՞ս է ստացվել, որ երկու կին, իմանալով մեկը մյուսի գոյության մասին, հանդուրժել են իրար, ավելին՝ շարունակել լինել Տերյանի կյանքում՝ ամեն մեկն իր  յուրօրինակ խորամանկության հնարքներով, ամեն մեկը սիրելու իր յուրօրինակ տարբերակով…Իսկ Տերյանի կյանքում Սուսաննայից առաջ էր Անթառամը՝ երկար հյուսքերով, անմեղ հմայքով: Ծանոթացել էին Մոսկվայի հայկական եկեղեցու բակում, ուր հասել էին, ոչ ավել ու ոչ էլ պակաս, նույն՝ 17 համարի տրամվայով: Ճանապարհին արդեն  իսկ հասցրել էին գգվել  հայացքները նրանց, ու ծանոթությունը շարունակություն էր գտել երկարատև նամակագրության, հնարավոր հանդիպումների մեջ, որոնք այդպես էլ չփոշոտվեցին ո՛չ տղայի, ո՛չ էլ աղջկա հիշողության դարակներում: Անգամ, երբ տղան կյանքը պաշտոնապես կապեց ուրիշի հետ… այդքան անսպասելի, հանկարծակի, միանգամից….

Սուսաննան (ծնունդով նորնախիջևանցի էր, գիմնազիան ավարտել էր Ստավրոպոլում) Վահանին ճանաչում էր 1908-ից:  Ամուսնացան  առաջնեկ ունենալու իրական սպասումով, բայց (դարձյալ այս <բայց>-ը) … ինչ իմանաս, գուցե± կանացի խորամանկություն: Գուցե£ Համենայն դեպս առաջնեկը ծնվեց միայն 5 տարի հետո և, ցավոք, կյանք չունեցավ. Սուսաննան  հիվանդ էր թոքախտով (ինչպես Տերյանը կասեր՝ <բանաստեղծական հիվանդությամբ>): 1918-ին, երբ լույս աշխարհ եկավ նրանց երկրորդ դուստրը՝ Լյասկան, Սուսաննան մեկնեց  Ստավրոպոլ՝ բարեկամների մոտ՝  ամուսնուն թողնելով Մոսկվայում:  Դրանից հետո մնացին միայն նամակներ՝ տխուր բովանդակությամբ ու տառապանքով (Լյասկան ևս դժբախտաբար այլևս չկար), գութով, բայց նաև թաքցրած անտարբերությամբ, սրտնեղությամբ…  պակասում էր շատ կարևոր մի բան: Ավելի ուշ, երբ ի վերջո Վահանին հաջողվեց համատեղել հասարակականն անձնականի հետ և հասնել Ստավրոպոլ՝  կնոջ ետևից, նրան այլևս այնտեղ չգտավ: Ու բաժանվեցին՝ առանց հրաժեշտ տալու, առանց տեսնվելու…

Անթառամ Միսկարյանը 30 տարեկանում ամուսնացավ Մորոզովի հետ, ունեցավ որդի, շարունակեց գրել Տերյանին… Եվ, ասացեք խնդրեմ,  ո՞ր կինը չէր ընկրկի Վահան Տերյանից (թեկուզև ամուսնացած) այդպիսի՜ նամակներ ստանալու,  նրան գրելու գայթակղության առաջ…. էլ ու՜ր մնաց վանդակեր իրական մեծության հանդեպ ունեցած իրական սերը…

Սուսաննա Պախալովան ամուսնացավ երկրորդ անգամ՝ Տերյանի մտերիմ ընկերոջ՝ Ալ. Մյասնիկյանի հետ: Այս ամուսինն էլ մահացավ, իսկ իր հարաբերությունները Օրջոնոգիձեի, հետո նաև Կիրովի հետ շարունակվեցին:

Վահան Տերյանի կյանքում հայտնվեց Անահիտ Շահիջանյանը, ամուսնացավ, դուստր ունեցավ՝ Նվարդ անունով….չմոռացավ Անտենկային…

Реклама

1 Comment

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s